Հայաստանում իշխանափոխությունն ամենից շատ պետք է Ռուսաստանին, նա ուզում է, որ մենք մնանք նրանց վասալը, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում։ «Հիմա մենք չենք հարցնում` կարելի է հարաբերություններ զարգացնել այս կամ այն երկրի հետ, թե ոչ։ Դա վնասում է նրանց: Մենք կամ միշտ թույլտվություն ենք վերցրել, կամ մեր փոխարեն իրենք են ասել», — նշեց պատգամավորը։
Նա վստահեցրեց, որ «հանուն հայրենիքի» շարժումը հրահրված է Ռուսաստանի կողմից, և Հայաստանի իշխանությունները տեսնում են, թե ով է կանգնած դրա հետևում:
«Ասում են՝ Ռուսաստանից ավտոերթով գնում են Հայաստան։ Ինչի համար: Որ մեր պետությունը չլինի։ Նրանք, ովքեր մեր երկիրը ծախեցին ու նվիրեցին Ռուսաստանին, նրանք են կանգնած այդ շարժման հետևում։ Մենք 30 տարի անկախ պետություն չենք եղել, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը միշտ վարել է Ռուսաստանը։
Մենք մինչև 2020 թվականը չէինք մտածում այլ երկրների հետ զենքի առևտրի մասին, և մեր ամբողջ հույսը Ռուսաստանն էր։ Այսօր արտաքին քաղաքականությունը մենք ենք վարում, և ոչ ոք չի կարող ասել, թե ում հետ ընկերություն անենք կամ ընկերություն չանենք», — ընդգծեց Մելքոնյանը։