«Ցավոք սրտի, նախարարությունը չի տրամադրում քաղցկեղի բուժման կուրսի համար անհրաժեշտ բոլոր դեղերը». «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի արձագանքը՝ ուռուցքաբանի դիտարկումների մասին

Օրեր առաջ Ուռուցքաբանության գծով ՀՀ ԱՆ նախկին խորհրդատու, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Առողջապահության նախարարի հայտարարությունը, թե 50 միլիոն դրամով փակում են մանկական քաղցկեղի բուժումը Հայաստանում՝ տարեկան 100 հիվանդի բուժում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ գումարը 1 երեխայի բուժումը կարող է արժենալ:

Գ. Թամամյանին հետաքրքրում էր նաև, որ, եթե դիագնոստիկան ու դեղորայքի տրամադրումը նախարարությունն է իրականացնում, ապա այդ դեպքում ի՞նչ գործունեություն են ծավալում հիմնադրամները:

Վերոնշյալ հարցերի, մեկնաբանությունների շուրջ պարզաբանումների համար 168.am-ը հետևյալ հարցադրումներով դիմեց «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների Քաղաք» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին:

«1. Ի՞նչ կասեք Գևորգ Թամամյանի դիտարկումների մասին՝ հաշվի առնելով այն, որ Ձեր գլխավորությամբ գործում է քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցման ամենամեծ՝ «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների Քաղաք» հիմնադրամը»:

2.Խնդրում ենք նաև տեղեկացնել, թե ի՞նչ ծախսեր է հոգում հիմնադրամը նման դեպքերում, և ինչ խնդիրներով են դիմում ձեր հիմնադրամին, եթե ըստ նախարարի՝ նախարարությունը կարողանում է հոգալ այդ ծախսերը»:

Հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը մեր հարցերին ի պատասխան՝ նշել է. «Ինչպես գիտեք, «Սիթի օֆ Սմայլ/ ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին։

Ցավոք սրտի, ՀՀ Առողջապահության նախարարությունը չի տրամադրում քաղցկեղի բուժման կուրսի համար անհրաժեշտ բոլոր դեղերը։ Այս պարագայում հիմնադրամներն են, որ օգնում են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող պացիենտներին և նրանց ընտանիքներին այդ հիվանդությունների հաղթահարման ճանապարհին։

«Սիթի օֆ Սմայլ/ ժպիտների Քաղաք» հիմնադրամն իր տեղական և արտասահմանյան գործընկեր հիմնադրամների հետ միասին լրացնում է ոլորտի ֆինանսավորման բացը՝ հոգալով բժշկի կողմից նշանակված ախտորոշիչ լաբորատոր հետազոտությունների (այդ թվում՝ այն հետազոտությունների, որոնք Հայաստանում հասանելի չեն, և որոնց անցկացումը անհրաժեշտ է բուժման ընթացքն էլ ավելի ճիշտ կազմակերպելու համար), ինչպես նաև բժշկի կողմից ընտրված բուժման եղանակի՝ քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման, վիրաբուժական միջամտությունների ծախսերը։

«Սիթի օֆ Սմայլ/ ժպիտների Քաղաք» հիմնադրամը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ստացիոնար բուժում ստացող պացիենտներին ապահովում է նաև 4-անգամյա սննդով հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում։

Միայն «Սիթի օֆ Սմայլ/ ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը վերոնշյալ բժշկական ծախսերը հոգալու համար ամսական միջինում հատկացնում է 15-20 միլիոն ՀՀ դրամ։

Ինչ վերաբերում է մեկ երեխայի բուժման կուրսի արժեքին, այո՛, կարող են լինել դեպքեր, երբ մեկ երեխայի բուժումը կարող է գերազանցել 50 միլիոն ՀՀ դրամը։

«Սիթի օֆ Սմայլ/ ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամն իր գործունեության շրջանակներում շահառուներին տրամադրում է նաև հոգեբանասոցիալական աջակցություն, իրականացնում է ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի պատմության մեջ քաղցկեղի առաջին ռեեստրի ստեղծմանը, Մանկական ուռուցքաբանության ուղեցույցների մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև բժիշկների և բուժանձնակազմի կարողությունների զարգացմանը և քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը»։

Ուշագրավ է այն,  որ սույն գրությունը վերահաստատում է ուռուցքաբան Գևորգ Թամամյանի մտահոգությունն Առողջապահության նախարարի հայտարարությունների շուրջ, քանի որ այստեղ նույնպես նշվում է, որ «ՀՀ Առողջապահության նախարարությունը չի տրամադրում քաղցկեղի բուժման կուրսի համար անհրաժեշտ բոլոր դեղերը», և, որ «կարող են լինել դեպքեր, երբ մեկ երեխայի բուժումը կարող է գերազանցել 50 միլիոն ՀՀ դրամը»:

Զարուհի Դիլանյան

 

(Visited 34 times, 1 visits today)