«Սասնա Ծռեր»-ը՝ 2-րդ աշխարհամարտին նվիրված միջոցառումներին չմասնակցելու՝ վարչապետի որոշման մասին

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը 2-րդ համաշխարհային պատերազմի 80-ամյա տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման վերաբերյալ։

«Որպես 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հայ ժողովուրդը շատ ավելի սուր կերպով է զգում նույն ճակատագրին արժանացած ժողովուրդների ցավը։ Եվ նույն ճակատագրի բերմամբ մենք պարտավոր ենք ցավակից ու զորավիգ լինել նրանց։ Լեհաստանը տասնյակ միլիոնավոր կյանքեր խլած 2-րդ համաշխարհային պատերազմի առաջին զոհն է, իսկ լեհ ժողովուրդը՝ ամենածանր ցեղասպանական կորուստներ կրած ժողովուրդներից մեկը։ 2-րդ համաշխարհային պատերազմը ծանրագույն կորուստներ է պատճառել նաեւ հայ ժողովրդին։ Ընդամենը մեկ սերունդ առաջ ցեղասպանության ենթարկված մեր ժողովուրդը կորցրել է իր շուրջ 300 հազար զավակներին։

Ուստի Հայաստանի Հանրապետության վարչապետի համար չէր կարող լինել ավելի կարեւոր գործ, քան Լեհաստանում անցկացվող 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը։ Դա է պահանջում ոչ միայն ազգային արժանապատվությունն ու բարոյական պարտականությունը, այլեւ ազգային-պետական շահը։

Անընդունելի ենք համարում 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը։

Հայ ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվում 2-րդ աշխարհամարտի զոհերի հիշատակին եւ ցավակից ու զորավիգ է ցեղասպանություն վերապրած լեհ ժողովրդին։ Ողջունում ենք Լեհաստանում անցկացվող՝ 2-րդ աշխարհամարտի տարելիցի միջոցառումների բոլոր մասնակիցներին եւ հավաստիացնում ենք, որ նրանց կողքին ենք հանուն ազատության եւ ժողովրդավարության»,–ասված է հայտարարության մեջ։

(Visited 25 times, 1 visits today)