Հեղինակ՝ Գոհար Հայրապետյան
Զարգացած երկաթգիծն է այն արյունատար համակարգը, որը սնում է երկրի ներքին ենթակառուցվածքները և երկիրը կապում արտաքին աշխարհի հետ: Այս թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետ Լևոն Շիրինյանին և ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանին:
Լևոն Շիրինյանը, անդրադառնալով «Կոմերսանտին» տված վարչապետ Փաշինյանի հարցազրույցին, թե՝ պայմանագիրը չի լուծարվում, և հարցը քաղաքականացվում է, նշեց. «Ռուսաստանը մեզ որպես դաշնակից դիտո՞ւմ է. բայց բոլոր փաստաթղթերը կազմում են նման ձևակերպումներով: Իմ խորին համոզմամբ՝ հեղափոխությունից հետո հայկական կողմը պարտավոր է վերանայել բոլոր պայմանագրերը, բոլոր խութերը բացահայտել, որից հետո ճանապարհ գնալ: Դա կլինի ռազմավարական համագործակցություն, ոչ թե ենթակայի հետ հարաբերություն՝ ինչպես որ եղել է»:
Աշոտ Գևորգյանը նշեց, որ իրենք այս մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել են երկաթուղու հետ կապված խնդիրները. «Մեծ թալան է կատարվել այստեղ. արդեն 104 մլն դոլարի չարաշահումներ են ֆիքսվել, ինչը երևացող՝ թղթային մասն է և հնարավոր է ապացուցել՝ դնել սեղանին: Գծերի երկարությունը եղել է 1300 կմ, հիմա դարձել է 700 կմ՝ 15 կայարաններ փակվել են, և գծերը կա՛մ վաճառվել են, կա՛մ տեղափոխվել Ռուսաստան»:
Լևոն Շիրինյանը հավելեց, որ այս ամենն արվել է հայ մարդկանց ձեռքով և նրանց մասնակցությամբ. «Այն պաշտոնյաների, որոնք միլիարդատերեր են դարձել և այսօր էլ հավակնում են գողապետության: Իրավապահ մարմինները պետք է պատժեն այդ չինովնիկներին, ովքեր ռուսների տակ պառկելով՝ ավերել են երկիրը, այդ թվում նաև՝ ստրատեգիական օբյեկտները: Իսկ Ռուսաստանը Հայաստանի հետ, ինչպես արդեն 200 տարի, շարունակում է խոսել շանտաժի լեզվով»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: