ՀՔԾ-ն կարճել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առնչվող քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առնչվող քրեական գործը։ «Փաստինֆո»-ն ՀՔԾ-ից տեղեկացավ, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով ։

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը 2018թ.-ին հաղորդում էր ներկայացրել քննչական մարմիններին առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։

Նյութերի նախապատրաստման ընթացքում հակընդդեմ հաղորդումն էր ներկայացրել նաեւ Վարդգես Հովակիմյանը՝ թե 2008 թվականին գումար է փոխանցել Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձրել:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով եւ այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։

Նշենք, որ Ալիկ Սարգսյանը նաեւ հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Վարդգես Հովակիմյանի եւ հաղթել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրել էր կաշառակեր լինելու, պետական բյուջեից գումարներ հափշտակելու մեջ` նրան որակելով «պատվազուրկ»: Ա.Սարգսյանը դատական կարգով պահանջել էր, որ Հովակիմյանը ներողություն խնդրի իր այս արտահայտությունների, պատճառած վիրավորանքի համար։ Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցադիմումը ու պարտավորեցրել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել Ալիկ Սարգսյանին հասցված վիրավորանքի համար։

Դատական ակտն արդեն մտել է օրինական ուժի մեջ, սակայն նախկին մարզպետը դեռեւս հրապարակայնորեն ներողություն չի խնդրել նախկին ոստիկանապետից։

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան

(Visited 6 times, 1 visits today)