Հեգնելու փոխարեն ժամանակին ճգնել էր պետք. ծիրանն ու կորուսյալ հայրենիքը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սոցցանցային գրառումով հեգնել է ծիրանի շուրջ համախմբումը և դրա առնչությամբ հանրային ոգևորությունը՝ նշելով, թե Կարսի կամ այլ պատմական տարածքների հանձնման ժամանակ փաստորեն ծիրանի լավ բերքն է պակասել:

Վլադիմիր Գասպարյանը մեծ հաշվով իրավացի է իր տողատակում, որ ծիրանի շուրջ երգ ու պարով համախմբումը ինքնին ոչինչ է, եթե չի վերածվում ավելի խորքային ու հեռանկարային, ավելի ընդգրկուն և ամենօրյա մեխանիզմի: Մինչ կխոսեր Գասպարյանը, մենք այդ մասին խոսել ենք, խոսում ենք, դեռ էլի կխոսենք:

Բայց առանց հեգնանքի և պատմական էքսկուրսի, որովհետև նպատակը բոլորովին այլ է, նպատակը հանրային ու պետական է, ոչ անձնային: Ի տարբերություն նրանց, որոնք այս օրերին ոչ թե փորձեցին գտնել հնարավորություն հանրության և պետության առաջ իրենց, մեղմ ասած, ձախողած բարոյաքաղաքական պատասխանատվությունը քավելու ուժ, այլ ուժ չգտան գոնե որևէ բան չհեգնելու կամ չզազրախոսելու:

Այդ իմաստով ծիրանը չէ, որ պակասել է, երբ կորցրել ենք պատմական տարածքներ: Պատմական տարածքներ ենք կորցրել, որովհետև պակասել է համարժեք մտածողությամբ ու նկարագրով ազգային-պետական էլիտա, որը կկարողանար իրապես համախմբել հանրությանը արժեքների շուրջ, գաղափարների ու հեռանկարների շուրջ և հնարավորինս անկորուստ դուրս բերել աշխարհաքաղաքական և աշխարհակարգային փոթորկուն պատմափուլից:

Էլիտայի պակասն էր, որ դիրքային կորստի բերեց 2016 թվականին, և միայն խիզախ բանակայինների և հերոսական կամավոր հանրության առկայությունն էր, որ թույլ տվեց այս անգամ զերծ մնալ տարածքային խոշոր կորուստներից:

Որովհետև երբ հայությունը համատեղ ջանքով ազատագրեց Արցախը, դրանից հետո, այսպես ասած, ձևավորվող պետական «էլիտան» սկսեց ապրել իր կյանքով և իր համար ձևավորել արդեն նաև անձնական բարեկեցություն, հետո սկսեց պետական բարձրաստիճան սպայական կոչումներ շնորհել իր կանանց ու երեխաներին:

Այդ ցոփ ու հակապետական կենսակերպի հետևանքը այն էր, որ առաջացավ համընդհանուր հարց միջազգային օրակարգում՝ իսկ գուցե հայերն այլևս ի վիճակի չե՞ն պահել իրենց հաղթանակը, գուցե ժամանակն է լուծե՞լ «նոր տիրոջ» հարցը, քանի խնդիրը չի խորացել անլուծելիության աստիճան:

Ու պայթեց ապրիլյան քառօրյան, երբ «էլիտայի» փոխարեն խոսեցին, ի վերջո, զինվորն ու քաղաքացին: Իսկ «էլիտան» սկսեց լուսանկարվել, մինչև որ զինվորն ու քաղաքացին որոշեցին, որ «էլիտան» պետք է փոխվի, չակերտները պետք է ընկնեն, որպեսզի պետությունը դադարի ընկնել ծայրահեղ սպառնալիքների ցիկլայնության մեջ:

Իհարկե, ներկայումս դեռ չենք կարող խոսել նոր, իրական, պետական էլիտայի մասին: Դրա ձևավորումը դեռ խնդիր է, որ պետք է լուծել, ու այստեղ է, որ ցուցիչ կարող է լինել, օրինակ, հենց այն, թե ինչ կստանա հայ ժողովուրդը ծիրանից՝ բառի բուն և պատկերավոր իմաստով:

Հեղինակ՝ Արամ Ամատունի

(Visited 21 times, 1 visits today)