Հեղինակ՝ Արամ Ամատունի
Հայաստանի ներքին իրադարձությունների դինամիկան հաճախ է հանրային ուշադրությունից դուրս թողնում զարգացումներ, որոնք, սակայն, էական նշանակություն կարող են ունենալ նաև Հայաստանի համար, թեև թվում է, թե կատարվում են մեզանից հեռու և քիչ առնչություն ունեն մեզ հետ:
Օրինակ՝ նախօրեին հարձակում ու կրակոցներ են եղել Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության շենքի, այսպես ասած՝ հռչակավոր Լյուբլյանկայի մոտ: 38-ամյա մի ռուսաստանցի, որի անձը պարզված է, կրակ է բացել, սպանել ԱԴԾ մի աշխատակցի, մի քանիսին վիրավորել:
Կրակողը չեզոքացվել է, սպանվել, ու դա էլ, ի դեպ, շատ հետաքրքիր հանգամանք է: Արդյոք հնարավոր չէ՞ր նրան չեզոքացնել այնպես, որ կյանքը պահպանվեր՝ հետագա քննությամբ առավել հանգամանալից պարզելու համար, թե ինչն է նրան դրդել այդ քայլին, նա ահաբեկչությո՞ւն է իրականացրել, թե՞ անադեկվատ, զգայական ինչ-որ գործողություն, կամ առաջնորդվել է այլ մոտիվներով: Իսկ դա շատ կարևոր է, որովհետև դեպքը տեղի է ունեցել խիստ նշանային օր՝ Անվտանգության աշխատակցի օրը, որի առիթով, ի դեպ, գրեթե նույն ժամին անվտանգության մասին Կրեմլում ելույթ էր ունենում ՌԴ նախագահը: Իսկ կարծիքներն այստեղ բախվում են:
Փորձագետների, հանրության մի մասը կարծում է, որ Պուտինի ելույթի ժամին Լյուբլյանկայի վրա հարձակումն ու անվտանգության աշխատակցի սպանությունը կոշտ մեսիջ է հենց Պուտինին՝ անվտանգության խոցելիության առումով: Իսկ անվտանգությունը, պաշտպանվածությունը, ինչպես հայտնի է, դարձել է, այսպես ասած, նրա միակ «առաջարկը» հանրությանը, նրա իշխանության միակ «գաղափարական հենքը»: Այսինքն՝ ստացվում է, որ կոշտ մեսիջ ու հարված է հասցվել Պուտինի իշխանության հենքին:
Մեկ այլ մաս համարում է, որ տեղի ունեցածը կարող է լինել սադրանք, որը կազմակերպվել է Ռուսաստանում անվտանգության, այսպես ասած, լրացուցիչ ձգումներ կատարելու իշխանության մտադրությունը հիմնավորելու, հանրային համապատասխան տրամադրություն ձևավորելու համար, ինչը կարևոր է դիտվում Ռուսաստանի համար սպասվող առաջիկա բարդ ժամանակներում՝ հատկապես այդ հսկա երկրում իշխանության խնդրի դիլեմայի առկայության պայմաններում: Թե հատկապես ինչ տարբերակի հետ գործ ունենք՝ միարժեք ասելն ինչ խոսք անհնար է, և գուցե որոշակի հավելյալ ենթադրության կամ եզրակացության առիթ առաջանա հետագա զարգացումների համատեքստում:
Սակայն անկասկած է, որ ընտրված է նշանային թիրախ, ինչը վկայում է բավականին խորքային հեռանկար կամ թիրախավորում ունեցող գործողության մասին: Թե հատկապես որ ուղղությունից է այն գալիս կամ ուր է գնում՝ կտեսնենք, սակայն ակնառու է, որ կատարվածը որոշակի իմաստով խոսում է հետխորհրդային տարածքում տեղի ունեցող անվտանգային ճարտարապետության լուրջ վերափոխումների մասին, ինչը բնականաբար իր ազդեցությունն ու առնչությունն ունի նաև Հայաստանի ուղղությամբ:
Ի դեպ, մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ նշանային կրակոցները Ռուսաստանում հնչում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ու ԵՏՄ վեհաժողովների շեմին, որոնց մասնակցելու է մեկնել նաև Հայաստանի վարչապետը, որը նախօրեին անվտանգային թեմայով ելույթ էր ունենում Հայաստանի ԱԱԾ-ում, հայտնում իր վստահությունն ու աջակցությունն այդ կառույցին և խոսում Հայաստանի համար անվտանգային մարտահրավերների բարդ շրջանի մասին: