Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի դեսպանին

Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի). տեղեկացնում են է փոխվարչապետի գրասենյակից:

«Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել:

Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և այս առումով կարևորեցին տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Անդրադարձ կատարվեց Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:

Ինգրիդա Լևրենցեն հայտնեց, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվեց հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը: Կողմերը անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

(Visited 16 times, 1 visits today)