Լավ չէ այն վարքը, որ Դաշնակցությունը դրսևորում է սփյուռքում. Հիմա ավելի են ագրեսիվացել

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախօրեին պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:

Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որևէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որևէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների և մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Մուրադ Փափազյանի՝ Հայաստան արգելքին, նշեց, որ չի կարծում, որ լավ է, որ չեն թողնում նրան Հայաստան. «Սխալ է, բայց առաջին անգամը չէ։ Մենք նույն խնդիրը ունեցանք, երբ Շանթ Ոսկերիչյանին չթողեցին Հայաստան Սերժ Սարգսյանի ժամանակ, և առաջին անգամը չէ, որ կառավարության մակարդակով սփյուռքահայերի մուտքն արգելում են Հայաստան։

Խնդիրն այն է, որ Մուրադ Փափազյանը Դաշնակցության ներկայացուցիչ է, դրա համար աղմուկը մեծ է։ Ճիշտ է, այստեղ ցույցեր եղել են, Դաշնակցության երիտասարդությունն էր հիմնականում, բայց եթե դու դեմոկրատ երկիր ես, ամեն մեկը իրավունք ունի արտահայտվելու։

Օրինակ, երբ ես Հայաստանում էի, մասնակցում էի ընդդիմության ցույցերին, և Ֆրանսիայի դեսպանը պաշտոնապես եկավ ինձ տեսնելու և ասաց՝ Դուք Ֆրանսիայի քաղաքացի եք, որը աշխատում է Հայաստանում և դուք իրավունք չունեք ցույցի մասնակցել. եթե դուք խնդիր ունենաք, մենք միայն նարինջ կարող ենք բերել բանտ։ Եվ անշուշտ, դա չի նշանակում, որ ես չգնացի ցույցի»,-ասաց Գործունյանը:

Նա հավելեց, որ իհարկե, պարզ է, որ Մուրադ Փափազյանը դեմ է Նիկոլ Փաշինյանին, և եկել է Քոչարյանի և մյուս ընդդիմադիրների հետ ցույցի է մասնակցել. «Իբրև ֆրանսիացի՝ ինքն իրավունք չուներ մասնակցելու։ Եթե օրենքը ասում է, որ օտարերկրացին իրավունք չունի մասնակցելու, ուրեմն իրավունք չունի։ Այսօր բոլորս գիտենք, թե Դաշնակցությունը ինչքան ակտիվ դեմ է Փաշինյանին, նրանց երազանքը այն է, որ Փաշինյանը հրաժարական տա և գնա, և դա բացահայտ է»:

Գործունյանը անդրադարձավ նաև նախորդ տարի հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակմանը՝ նշելով. «Շատ սխալ էր իրենց արածը, երբ այն ժամանակ Սերժ Սարգսյանը գալիս էր, էլի ցույց էինք անում, անձամբ ես այն ժամանակ մասնակցել եմ ցույցին։ Ի դեպ, իրենք ավելի պաշտպանված էին, մենք չէինք կարող մոտենալ և խանգարել։

Անշուշտ լավ չէ այն վարքը, որ Դաշնակցությունը դրսևորում է, ժամանակին ասում էին՝ եթե դու դաշնակցական չես, հայ չես, ես երբեք չեմ եղել դաշնակցական, բայց ես ինձ միշտ հայ եմ համարել։ Այդուհանդերձ, լավ չէ, որ Մուրադին չեն թողել, լավ չէ, որ այսքան մեծ աղմուկ է բարձրացել Դաշնակցության կողմից։ Մուրադին Հայաստան չթողնելուց հետո, այստեղ ՀՅԴ-ականների հակաիշխանական դիրքորոշումն ու ագրեսիան մեծացել է: Թե ինչպես պետք է փոխվի այս վիճակը, չեմ կարող ասել»:

Հարցին, թե արդյոք ֆրանսահայ համայնքում պառակտում կա այս հողի վրա, Գործունյանը բացասական պատասխան տվեց. «Պառակտում համայնքում չկա, ավելի շատ Դաշնակցությունն է ջղաձգված, իսկ Սփյուռքը չեմ կարծում, թե շատ հետաքրքրված է այս ամենով»:

Նա նաև չի կարծում, թե սփյուռքահայերը պետք է խառնվեն Հայաստանի ներքաղաքական կյանքին. «Ես միշտ ջղայնանում եմ, երբ ասում են Ղարաբաղը տվել են, ես ասում եմ՝ ո՞ւր էիք դուք, երբ ամեն ինչ թողած դրսում եք: Ի՞նչ իրավունք ունեք խառվելու, գնայիք, կռվեիք, եթե դուք և ձեր երեխաները կռվեիք, ֆիզիկապես մասնակցեիք պատերազմին, այո, իրավունք կունենայիք խառնվելու, բայց Ֆրանսիայում նստած խառնվում եք, ես գտնում եմ որ իրավունք չունեն։ Թող գնան մասնակցեն Հայաստանի տնտեսական կյանքին, և նոր միայն խառնվեն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Հեռվից շատ հեշտ է քննադատել, բողոքել, սփյուռքահայերը քննադատող ժողովուրդ են հեռվից»։

(Visited 174 times, 1 visits today)