ԵՐԲ ԴԱՆԻԵԼԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ Է ԱՐՑԱԽ

Արցախում «Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ» եւ ՏԻՄ ընտրությունների վերակացու նշանակված Դանիել Իոաննիսյանը, կարծում եմ, դեռ շատ առիթներ է տալու իր մասին խոսելու: Բանն այն է, որ «ինչքան գետնի երեսին, երկու այդքան գետնի տակ» այս երիտասարդն ամենեւին էլ Փաշինյանի հրահանգները չի կատարում: Դանիել Իոաննիսյանը մի տեսակ վերպետական երեւույթ է դարձել, ինչպես, օրինակ, Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ-ում կամ ժամանակին Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում:

«Սորոսի խիղճը»․ թերեւս այսպես կարելի է բնութագրել այն «պաշտոնը», որ նրա համար թավշյա հեղափոխության արդյունքում իջեցվել է Հայաստանի վրա, իսկ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ունեցած, շատ ներողություն, ամբախ-զամբախ ելույթից հետո՝ նաեւ Արցախի Հանրապետության ուսերին: Փաշինյանը չասա՞ց, որ Հայաստանն է լինելու Արցախում առաջիկա ընտրությունները ազատ, արդար եւ մրցակցային հիմունքներով կազմակերպելու երաշխավորը: Ահավասիկ, ով որ հարկն է, ճիշտ է ընկալել Փաշինյանի այդ հայտարարությունն ու դեմ տվել Դանիելին, թե այդ գործի համար սրանից լավը չկա: Իսկ ի՞նչ արեց դրանից հետո Փաշինյանը: Նա փողը տվեց Դանիելին ու ասաց՝ գնա Դանիել, վերահսկիր Արցախի ընտրությունները:

Ֆեյսբուքն այս կապակցությամբ աղմկեց. «Նիկոլ, խի՞ ես Սորոսին խռճկում Արցախ, Հայաստանը քանդեցին, քիչ էր, հիմա էլ Արցա՞խը» (ցավոք սրտի, Փաշինյանը Ֆեյսբուք չի մտնում, որ այս ամենը կարդա): Ու մեկ էլ իմացանք, որ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում ընդունել է, այսպես կոչված, «Դանիել Իոաննիսյանի գլխավորած պատվիրակությանը», որն Արցախ է այցելել հայկական երկրորդ պետությանը ժողովրդավարության դասեր տալու: Այդ դասընթացի ծրագրով, ինչպես նշում է ԱՀ ԱԳՆ կայքը, Դանիել Իոաննիսյանը նաեւ ԱՀ ոստիկանությանն ու ԿԸՀ-ին պետք է մոտեցնի դեմոկրատիայի ակունքներին: Մի խոսքով՝ տպավորություն ունենք, որ Դանիելին տրված փողը չի բավականացնելու իր նպատակների նույնիսկ մեկ տասներորդն իրագործելու համար:

Ճիշտն ասած՝ չէի ցանկանա էս գլխից կռռալ հայաստանյան կողմի այս նախաձեռնության վրա, որն ինձ արկածախնդրություն է հիշեցնում, բայց, ամեն դեպքում, անհրաժեշտ եմ համարում նախազգուշացնել, որ Արցախի ՏԻՄ ընտրություններից հետո ԱՀ դատախազությունը բազմաթիվ քրեական գործեր է հարուցելու՝ հիմք ընդունելով Դանիելի եւ Արցախում բուն դրած նրա կազմակերպության՝ աղաղակող ընտրակեղծիքների մասին հաղորդումները: Այլեւս կարելի է մոռանալ, որ Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիներին ամեն ինչ արել է, որ Արցախում տեղի ունեցող ընտրությունները աշխարհին ներկայացվեն որպես իսկական ժողովրդավարական գործընթացներ, իսկ Արցախը՝ որպես կայացած պետություն: Ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել, եւ Դանիելն է որոշելու՝ «ֆռշտե՞յն»:

Իսկ հիմա գանք մեր ոչխարներին:

Ժամանակին մի հոդված էի գրել այն մասին, որ ի բարեբախտություն մեզ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը ուղիղ կապ չունեն Սորոսի հիմնադրամի հետ եւ եթե ինչ-որ բան էլ «վերցնում են», ապա բացառապես ուրիշների ձեռքով: Սա, պետք է ասել, շատ հետաքրքիր մարտավարություն է, որ բանեցրել եւ բանեցնում է Փաշինյանը: Մի պահ պատկերացրեք, որ Սորոսը բարկանում է ու իր փողերը հետ է ուզում: Փաշինյանը կարող է «հայկական մտնել»՝ ի՞նչ փող, ի՞նչ բան… Ում տվել ես՝ նրանից էլ ուզիր: Եվ այստեղ «կորավ է լինում» մի կլորիկ գումար, որ Սորոսը ներդրել էր, ենթադրենք, Դավիթ Սանասարյանին Հայաստանում մեծ մարդ դարձնելու համար: Այսպիսի օրինակները քիչ չեն: Եկեք բոլորով «ողորմի տանք» Ստյոպա Սաֆարյանին, որն իր գունավոր հեղափոխական անցյալով (դեռ Մայդանից) ծալած ունի Փաշինյանին:

Քանի դեռ Սաֆարյանը դատարկ ձեռքով ու ծակ շալվարով էր վազվզում թավշյա հեղափոխության շուրջը, նրան բանի տեղ չէին դնում: Ենթադրում եմ, որ Սորոսին այս բանը դուր չէր գալիս, եւ նա իր հերթական ներդրումը կատարեց Սաֆարյանի գրպանի պարունակության մեջ, որից հետո Փաշինյանն իսկույն «փչացրեց» Սաֆարյանին՝ նրան նշանակելով Հանրային խորհրդի անդամ: Սորոսը, իհարկե, ցնծում էր այդ հաջողությունից, բայց ի՞նչ տեղի ունեցավ Սաֆարյանի հետ՝ «Հազար ողորմի մեր պայծառ քաղաքագետին, նրա հիշատակը միշտ վառ կպահենք մեր սրտերում»:

Ասել, որ Փաշինյանը միշտ «քցում է» Սորոսին, դա էլ ճիշտ չէ: Մանավանդ հեղափոխության օրերին, երբ սորոսական ՀԿ-ներն էին ապահովում միտինգների գլխաքանակը, Փաշինյանն ազնիվ էր խաղում: Այդ ազնվության շոշափելի արդյունքները նկատելի դարձան հատկապես ԱԺ արտահերթ ընտրություններից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո, երբ մոտ երկու տասնյակ սորոսական դարձավ մանդատավոր, իսկ ոմանք էլ հարմար տեղավորվեցին ՀՀ կառավարությունում՝ ընդհուպ նախարարական պորտֆելներով: Սորոսականների ախորժակը, բնականաբար, ավելի բացվեց, բայց ի պատիվ Փաշինյանի ասեմ՝ նա կարողացավ այն զսպելու հնարները գտնել: Այդպիսի 2 դեպքի մասին ես արդեն խոսեցի վերեւում: Հետո ավելի մեծ «քցում» տեղի ունեցավ, երբ սորոսականներին նույնիսկ չհաջողվեց Ստամբուլյան կոնվենցիան բերել խորհրդարան: Առջեւում Ամուլսարն է, տեսնենք՝ ինչ կլինի:

Ասում են՝ Սորոսը «չերեզ ԱՄՆ դեսպանատուն» է ուզում հարցը կարգավորել, եւ ԱՄՆ դիվանագետները, իբր, նեղն են դրել Փաշինյանին: Հազիվ թե սորոսական կանաչ ՀԿ-ներն «Ամուլսարը հանք է» կարգախոսով ցույցեր կազմակերպեն, բայց եթե հանքը շարունակի աշխատել կիսատ-պռատ ուսումնասիրություններով, միանգամայն հնարավոր է, որ ժողովուրդը, հանուն իր վարչապետի, օդերով հանի թե՛ ԱՄՆ դեսպանատունը, թե՛ Սորոսին եւ թե՛ նրա գրասենյակներից սնվող հացկատակներին: Փաշինյանն առանձնապես աչքիս լույսը չէ, բայց նա կարող է այս հարցում (Սորոսին ու մյուսներին կրուպնի քցելու) լիովին հույս դնել ինձ վրա:

Եթե նույն «քցումի» համատեքստում դիտարկենք նաեւ Դանիել Իոաննիսյանի՝ Ղարաբաղում Փաշինյանի գործերի ժամանակավոր հավատարմատար նշանակվելու փաստը, ապա հնարավորությունը, որ այդ սորոսականը շուտով դուրս կշպրտվի Ղարաբաղից, մեծ է: Ժամանակի հարց է ընդամենը: Բավական է Դանիելը փորձի սորոսություն անել եւ կհայտնվի Աղդամում՝ էշի վրա թարս նստած, եւ արեւելյան ուղղությամբ հետագա արտահանձնման բոլոր հնարավորություններով:

ՀԳ. Այս հոդվածում «Սորոս» բառի հաճախակի գործածումը չի կարող հիմք տալ մտածելու, որ մենք Սորոսի անձը նկատի ունենք, իսկ Փաշինյանն էլ «քցում» է այդ խեղճ մարդուն: Խնդիրն իրականում ավելի բարդ է: Մենք գործ ունենք համաշխարհային գլոբալիզացիայով պայմանավորված երեւույթների հետ, որոնք ոչ մի պայմանով չեն ուզում շրջանցել Հայաստանը: Հետեւաբար, Նիկոլին չի կարելի միայնակ թողնել. մի օր էլ էշ-նահատակ կդառնա, ու այս ամեն ինչը կվերջանա: Մյուս կողմից էլ՝ Նիկոլը պետք է հասկանա, որ անցել են «մանր քցումների» ժամանակները: Խաղադրույքներն այնքան են աճել, որ արդեն օտար դեսպանատներն ու կառավարություններն են հետաքրքրվում խաղի ելքով, իսկ նման իրավիճակում միայնակ եւ ինքնագլուխ խաղալը մանկական արկածախնդրություն է:

(Visited 14 times, 1 visits today)