«Իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի համար մեքենա չի գնվել: Պետական պահպանության ծառայությունն իր գործառույթների իրականացման համար է դա արել: Իմ ընտանիքի անդամների համար ի բնե չի կարող որևէ բան ձեռք բերվել»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլի հրպարակմանը, թե իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար 2019 թվականի թանկարժեք մեքենա է գնվել:
Ըստ վարչապետի՝ ինչպես և կարելի էր կռահել, երեկվանից պետական կառավարման մարմիները չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչ է տեղի ունեցել, եղել է նման բան, թե՞ ոչ:
Փաշինյանն ասաց, որ օրենքն ասում է, որ ՀՀ վարչապետն ընդհանրապես չի կարող հրաժարվել պետական պահպանությունից: Ըստ էության, օրենքում գրված է, որ չեն կարող հրաժարվել նաև վարչապետի ընտանիքի անդամները, ասաց Փաշինյանը:
«Այն, որ իմ ընտանիքի անդամները որևէ տրանսպորտային միջոցով տեղից տեղ են շարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար չէ գնված, գնված է Պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անդամների անվտանգությունը:
Իսկ վարչապետի անվտանգությունն ապահովվում է, որովհետև դա սահմանված է օրենքով, վարչապետը չի կարող հրաժարվել դրանից: Հետևաբար, ի սկզբանե աբսուրդ է, ասել, որ Պետական պահպանության ծառայությունն իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի համար մեքենա է գնել»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հրապարակումն այն մասին էր, որ 2019 թվականի արտադրության մեքենա է ձեռք բերվել:
«Երբ այդ լուրն իմացա, միանգամից զանգեցի Պետական պահպանության ծառայության ղեկավարին, հարցրի՝ 2019 թվականի մեքենան ձեռք բերվել է, թե՞ ոչ: Իրենք ասացին՝ ոչ, ձեռք չի բերվել: Հետո հարց ծագեց՝ իսկ նախկինում մեքենա ձեռք բերվե՞լ է: Պարզվեց, այո, 2018-ին մեքենաներ ձեռք են բերվել:
Եվ այդ մեքենաները ձեռք չեն բերվել իմ ընտանիքի անդամների համար, ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովելու համար՝ ՊՊԾ համար: Ես նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել, որովհետև դա իմ գործառույթը չի եղել»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ նոր մեքենաներ, ըստ Փաշինյանի, գնվել է, քանի որ պետական պահպանության ենթակա անձանց թիվն ավելացել է: «Դա նույն է, որ ասվի Մարիամ Փաշինյանի համար կալաշնիկովներ, զրահաբաճկոններ են ձեռք բերվել, ռադիոկապ է ձեռք բերվել»,- հավելեց նա:
Նիկոլ Փաշինանն ասաց, որ Հայաստանում մարդիկ կան, որոնց համար գերագույն հաճույք է «ախռանայով» շրջելը:
«Ես ուզում եմ ձեզ ասել, որ վերջին մեկ ու կես տարում մեր ընտանիքի ամենամեծ պրոբլեմները կապված է այդ երևույթի հետ, որովհետև իմ ընտանիքի անդամներն անընդհատ հարց են դնում, որ այս իրավիճակն իրենց համար մեծ պրոբլեմ է, դիսկոմֆորտ:
Անցած կիրակի օրը մենք ընտանիքով փախել ենք մեր հին մեքենայով և ժամ ու կես, երկու ժամ շրջել ենք Երևանում մեր հին ավտոմեքենայով: Իմ գործողությունը կարող է մեկնաբանվել նաև որպես օրենքի խախտում:
Վերջերս նաև տեղեկություն կար, որ Մարիամ Փաշինյանը մեքենայից չի իջնում, մինչև թիկնազորը դուռը չի բացում: Ես ձեզ համար մեծ անակնկալ ունեմ՝ պարզվում է՝ դա պետական պահպանության ծառայության պահանջն է: Անվտանգության որոշակի ընթացակարգեր կան, և մենք այդ մարդկանց աշխատանքը հարգելով՝ հետևում ենք դրանց»,- նշեց Փաշինյանը: