Արատավորել է իմ արժանապատվությունը. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ նախկին մազրզպետի օգնական Հերմինե Ադամյանի՝ նրան մեղադրելով իր ֆեյսբուքյան էջի գրառումներում իրեն զրպարտելու և վիրավորելու համար։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Պետրոսյանին հարցրինք, թե կոնկրետ ո՞ր կետով է զրպարտել, և ո՞ր կետով է վիրավորել Ադամյանն իրեն, նշեց, որ դրանք 68 դրվագ են պարունակում․

«Կոտայքի նախկին մարզպետի օգնականին դատի եմ տվել զրպարտանքի և վիրավորանքի փաստերի հետ կապված։ Հիմնականում համացանցային տիրույթում, սոցիալական ցանցերում շուրջ 68 դրվագ է պարունակում իմ հայցը։ Պատեհ-անպատեհ այդ սուբյեկտը իմ արժանապատվությունը, իմ քաղաքական համբավը արատավորելու, ցեխոտելու ճանապարհով քննադատության քողի ներքո արտահայտություններ էր արել, որոնք ես օրենքով սահմանված կարգով դատարանից խնդրել եմ գնահատական տալ, ինչպես նաև խնդրել եմ փոխհատուցել նյութական տեսքով տվյալ հոդվածների առավելագույն սահմանաչափով, ինչ որ կուղղեմ այն դպրոցի բարելավմանը, որը որ ավարտել է տվյալ անհատը։

Այս պահին արդեն մեկ դատական նիստ տեղի է ունեցել, հաջորդ նիստը հավանաբար կկայանա մայիսի կեսերին։ Կա փաստաբան, որը զբաղվում է այդ ամենով, և համոզված եմ, որ հայցը շահելու եմ, և դա նախադեպ է լինելու բոլոր նրանց համար, ովքեր որ առողջ քննադատության, կառուցողական քննադատության գիծը վաղուց անցել են, և անցել են անձնական պիտակավորումների, որակավորումների, ցեխոտելու, ինչը առողջ չէ, և իրավական պետությունում պետք է իրավական գնահատականը տրվի»։

Հարցրինք, թե շարունակվելո՞ւ են մարզպետի կողմից ֆեյսբուքյան օգտատերերի դեմ դատական հայցերը՝ նկատի ունենալով, որ Հերմինե Ադամյանն ֆեյբուքյան իր էջում էր մարզպետի գործունեության վերաբերյալ գրառումներ արել, Պետրոսյանը հիշեց Մոսվես Խորենացու խոսքերը, որ «եմք ածու փոքր»․

«Ֆեյսբուքյան օգտատերերը շատ լայն է ասված, ինչպես Խորենացին է ասում, մենք շատ փոքր ածու ենք, ես իմ քաղաքական գործունեությունը շատ թափանցիկ, շատ հաշվետվողական եմ իրականացնում ու շատ հետևողական եմ սրտացավ քննադատությանը, կառուցողական քննադատությանը։ Ես միևնույն սեղանի շուրջ եմ հավաքել բազմաթիվ համայնքներում բազմաթիվ խնդիրների խորքային, տասնամյակներով կուտակված խնդիրների տարբեր բարիկադներում գտնվող անհատների, հաշտության եզրեր են գտել՝ ի շահ պետության և համայնքի։ Խոսքը այստեղ անձնական վիրավորանքի և ռևանշիստական ձգտումների մասին է»։

Մանրամասն՝ տեսանյութում

(Visited 55 times, 1 visits today)