ԱՂՔԱՏ ԵՐԿՐՈՒՄ ՁԵԶ ԱՂՔԱՏԱՎԱՐԻ ՊԱՀԵՔ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավետեց, որ 2020 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները 10 %-ով կբարձրանան, իսկ սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ հունիսի 1-ից զինվորականների աշխատավարձերն արդեն իսկ բարձրացվել են։ 2019թ. հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն թոշակ կամ նպաստ ստացողների թոշակներն ու նպաստները: Ոմանք պնդում են, որ սրանք մեծ հաշվով մանիպուլյացիաներ են՝ կա՛մ բարձրացումները չնչին են, կա՛մ ոչ թե բարձրացում է, այլ, ասենք, պարգեւավճարները տեղափոխել են աշխատավարձերի ֆոնդ եւ այլն։ Այնուամենայնիվ, մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես ստացվեց, որ այն, ինչ չէր հաջողվում նախորդ իշխանություններին անել անցած տասը տարում, Նիկոլ Փաշինյանն արեց մեկ տարվա ընթացքում։ Բայց մեր զրուցակիցը՝ տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, խանդավառված չէ այս բարձրացումներով, քանի որ պնդում է՝ մեր ֆինանսական միջոցները դա թույլ չեն տալիս, իսկ այն, ինչ արվում է, հաշվարկված չէ եւ արվում է այլ ծրագրի հաշվին։

— Թե՛ ժամկետայնության, թե՛ կայունության տեսանկյունից այս բարձրացումները, անշուշտ, որոշակի ռիսկեր են պարունակում։ Իհարկե, անգամ հազար դրամով բարձրացումը մեծ նշանակություն կարող է ունենալ մեր քաղաքացիների, հատկապես ծանր վիճակում գտնվողների կյանքում, բայց ես չէի ուզենա, որ ինչպես նախորդ բոլոր քայլերը, այս որոշումներն էլ պոպուլիստական բնույթ կրեին, ապակողմնորոշիչ բնույթ կրեին։ Մեզ մոտ տնտեսական զարգացման իրական լծակների բացակայության պայմաններում մենք չենք կարող կայուն հեռանկարներ ամրագրել այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ այսօր կառավարությունը որոշում կայացրեց։ Կրկնում եմ՝ որպես քաղաքացի, լավ է, վատ չէ, բայց մնացած քայլերի նման պոպուլիստական բնույթ է կրում։

— Պարոն Բոստանջյան, բայց չէ՞ որ սա խոստում չէ, ռեալ բարձրացումներ են։

— Իշխանությունն ուզում է, թե ոչ, վարկանիշի անկում է ապրում, մինչեւ անգամ տարբեր իբր հարցումներ 59 տոկոս վարկանիշ են տալիս իշխանություններին, եւ որպեսզի վարկանիշը պահպանեն, կարիքավոր զանգվածի համար մի քանի հազարով եկամտի ավելացում են ապահովում։

— Այսինքն՝ կարելի էր ավելին անել, բայց չի արվում, ի վերջո, իշխանությունները հայտարարում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե են վերադարձվում խոշոր գումարներ։

— Ոչ, չէր կարելի ավելի շատ անել, հակառակը՝ ես ասում եմ․ այն, ինչ արել են, ռիսկային է, որովհետեւ եկամուտների հավաքագրման առումով մենք ունենք ոչ որոշակի հեռանկարներ ու զարգացումներ, որ կարողանանք ապահովել այն, ինչ այսօր որոշել են։

— Բայց հայտարարվեց, որ 63 մլրդ դրամով ավել հարկ է հավաքվել առաջին կիսամյակում։

— Դե լավ, էլի, եկեք ուրիշ բանի մասին չխոսենք։ ՊԵԿ նախագահը բավական շփոթված վիճակում չէր իմանում ասել՝ եղե՞լ է դա, թե՞ չի եղել, կլինի՞, թե՞ չի լինի։ Այս պահին դաշտ են նետվում մտքեր, որոնք չեն ենթարկվում չափագրության։ Մինչեւ անգամ եթե ունենանք, ես մտածում եմ, որ եկամուտը թափված չէ, որ մենք գնանք ու հավաքենք, եկամուտը նշանակում է աշխատանք, իսկ դա ոչ թե սիզիփոսյան՝ անպտուղ աշխատանքն է, այլ հավելյալ արժեքի ստեղծում։ Մինչդեռ Հայաստանում շրջանառության ավելացումը պայմանավորված է ծառայությունների, առեւտրի ոլորտով եւ այլն, բայց ո՛չ նոր արժեքի ստեղծմամբ, դա քիչ տեսանելի է։ Իսկ նման իրականության պարագայում կառավարության այսօրինակ որոշումներն անհեռանկար են։ Ինչպես վարչապետն է ասում՝ մենք նոր արժեք չենք ստեղծում, իսկ ցանկացած եկամուտ նոր արժեքի արդյունք է։

— Մյուս կողմից՝ կառավարությունը եթե որոշել է աշխատավարձ ու կենսաթոշակ բարձրացնել, չէր կարող առանց հաշվարկի անել դա, կարճաժամկետ որոշում ընդունել։

— Ինչո՞ւ չէր կարող։ Խնդիրն այն է, որպեսզի այս պահին վարկանիշային ցնցումներ չունենան, գնացել են նման ռիսկային քայլի՝ առանց հիմնավոր կանխատեսումների։ Միշտ էլ կտրուկ քայլերի պարագայում ղեկավարները ռիսկի են դիմում, թե հետագայում ինչ կստացվի, անորոշ է։ Սա չհաշվարկված, չհիմնավորված որոշում է։ Լավ բան է, ինչ խոսք, բայց չտա Աստված, որ մի խոստումը կատարելու դիմաց կասեցվի, չիրականացվի մեկ այլ ծրագիր։ Տնտեսությունը բարդ բան է, ամեն ինչ ոսկերչական հաշվարկով է պետք անել։ Չեմ ուզում շատ առարկայական ասել, բայց, դիցուք, եթե մենք կարող էինք կամ պետք է անվտանգության համար մի քանի ժամանակակից զինատեսակ գնեինք, բնական է, դա չենք առնելու, որպեսզի կարողանանք մեր խոստացած նվազագույն կենսաթոշակը բարձրացնենք։

— Միգուցե երկուսն էլ անում են։

— Եթե երկուսն էլ անում են, ուրեմն ես ասում եմ՝ շուտով սպասեք հիասքանչության։ Ես ոչ թե չեմ ուզում, սա մեր երկիրն է, քավ լիցի, բայց մեր տնտեսական շարժը դիտարկելով եմ նման կարծիք հայտնում։ Միեւնույն ժամանակ չեմ ակնկալում, որ մեկ տարում թռիչքային դրական լուծումներ կլինեն, բայց գոնե պետք է լինի դրական դինամիկա։ Եթե իշխանության եկած մարդիկ մեկ տարուց ավելի է՝ շնչահեղձ պտտվում են մոլորակում, որեւէ մեկը տուն չի գալիս, եւ դա կատարվում է պետության հաշվին, ո՞նց կարելի է նման պարագայում․․․ Մենք աղքատ երկիր ենք, հարկավոր է աղքատ երկրում ձեզ աղքատավարի պահեք, մեր իշխանավորների ունեցած առանձնասենյակները, մեքենաները, վարձատրության միջոցները, հավելավճարներն ու պարգեւավճարները․ այս բոլորը բեւեռացված են, հավասարաչափ բաշխման վերաբերյալ խոսակցություն չկա ու չի էլ երեւում, որ վաղը կլինի։ Դա է մարդու մոտ կասկած առաջացնում։

(Visited 3 times, 1 visits today)