Ադրբեջանն իր հավակնությունների պատանդն է, քանի որ ստիպված է անընդհատ աջակցություն հայտնել Միջերկրական ծովի արևելյան հատվածներում Թուրքիայի գործողություններին հատկապես, որ Հայաստանն էլ իր հերթին աջակցություն է հայտնում Հունաստանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
«Որքան հաճախ ենք մենք աջակցություն հայտնում Հունաստանին, այնքան ավելի հաճախ Թուրքիան աջակցություն է ակնկալում Ադրբեջանից: Փաստորեն Ադրբեջանն անընդհատ ստիպված է աջակցել Թուրքիային և խնդիրներ ունենալ տարածաշրջանային այն երկրների հետ, որոնք խնդիր ունեն Թուրքիայի հետ: Այնպես որ, հիմնական խնդիրն այստեղ, նաև այնտեղ, որ Թուրքիան նախկինում ձախողվել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ավելի ակտիվ դեր ստանձնելու փորձերում, որովհետև չկարողացավ վերացնել համանախագահությունը, որպեսզի Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները ստանան հավասար իրավունքներ:
Հետո արդեն Ռուսաստանին հրավիրում էր Աստանայի ձևաչափի նման նոր ձևաչափ ստեղծելու, որտեղ արդեն Թուրքիան կունենար շոշափելի դեր: Տեսնում ենք, որ Ռուսաստանը հակված չէր դրան և հիմա Թուրքիան փորձում է տարածաշրջանում իր ակտիվությունն ապահովել նման կերպ, մեկ ազգ-երկու պետություն սկզբունքի հիշեցնելով»:
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան